Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Արգամիչն արժանի է

Արգամիչն արժանի է
20.09.2013 | 00:24

Հովիկ Աբրահամյանը երբեք չի դադարեցրել զարմացնել հայ լայն հասարակությանը: Նրա մոտ դա ամենալավն ստացվում է ԱԺ նիստերը վարելիս, երբ «ուրույն» ռեմարկներ է անում: Բայց այնպես, ինչպես «ստացվեց» այս անգամ` Մաքսային միության առնչությամբ լրագրողների հետ ունեցած խորհրդարանա-միջանցքային հարցազրույցի ժամանակ, ուղղակի աննախադեպ էր. հնչած յուրաքանչյուր նախադասության, բառակապակցության միակ արձագանքը կարող էր լինել` «վաո՜ւ»:

Վայելենք. «Ղարաբաղն ինչ կապ ունի… մենք մեր հարցերը լուծենք, հետո Ղարաբաղի մասին կմտածենք… Ես որևէ ճնշման ներկա չեմ եղել… մենք դեռ չգիտենք, որն է մեր շահը… եթե Ֆյուլեն չի ուզում, ապա դա իր գործն է, մենք ուզում ենք» և այդպես շարունակ:
Չենք ծանրանալու ասված մտքերի ենթագիտակցական բովանդակության վրա, ասելու` Ղարաբաղի նկատմամբ արգամիչյան մոտեցումը զուտ ֆրոյդիստական է, որովհետև այդ կարծես «ղարաբաղցիք» նրան «չեն թողնում» պաշտոնական մեծ առաջխաղացումներ ունենա, ուստի և շատ անկեղծ` մատնել է յուր ենթագիտակցական մղումները, ասելով` «մենք մեր հարցերը լուծենք, հետո Ղարաբաղի մասին կմտածենք»:
Եվ կամ, երբ ասում է` «ես ներկա չեմ եղել որևէ ճնշման», նկատի ունի, որ Սերժ Սարգսյանն իրեն չի տարել հետը Հորվաթիա, ինչպես մի քանի այլ պաշտոնյաների, որտեղ էլ, ըստ ոմանց, տեղի են ունեցել այդ «ճնշումները». ասել է` արգամիչորեն մատնել է յուր նեղացածությունը:
Բոլոր դեպքերում, ըստ արժանվույնը մատուցելով Արգամիչի անկեղծությանը, լծվենք նրա պաշտպանության սուրբ գործին, որովհետև նրա շրջապատը, բացի հերքումներից, կարծես այլ բանով չի զբաղվում:
Այսպիսով, նախ` Հ. Աբրահամյանի այս և մնացյալ կարգի պատասխան-դրսևորույթները ներքին մշակութաբանական պարունակության արտահայտություն են, ուստի նրա շրջապատը պետք է սկսի այդտեղից, ու եթե ոչ տասնակի, ապա հաստատ կրկնակի պետք է ուշադիր լինի վերջինիս պատասխանների նկատմամբ: Նախ որ, թանկագին Արգամիչը ներկայացնում է երկրի երկրորդ մարմինը, և հետո, ինքը` թիմը, բավականին պատկառելի է, ու պե՞տք է ինչ-որ օ.գ.գ. ունենա` մի պահ մոռանալով յուր ինտրիգ-ցուգցվանգները, ու թշնամիներ որոնի իր իսկ պահվածքում ու չարածում ու ոչ լրագրողների` այդ առնչությամբ գրված նյութերում:
Այսպիսով.
ա) Անկեղծորեն ու ազնվորեն խորհուրդ տալ պարոն Աբրահամյանին` հնարավորինս քիչ հարցազրույցներ տա։ Խոսել ծայրահեղ դեպքերում, երբ դրա անհրաժեշտությունը կա, և այն ժամանակ, երբ Աբրահամյանը հատուկ «ծածկագիր» ունի փոխանցելու հասարակությանը, ինչու ոչ՝ յուր օպոնենտներին, թիմին: Ինչ է նշանակում ամեն միջանցքում հայտնվելիս, ամեն ՀՀԿ ԳՄ նիստից հետո հարցացրույց տալ, երբ ասելիք առանձնապես չկա, երբ չկա նաև հստակ մշակված նպատակ: Ի դեպ, կա նաև դասական մոտեցումը` առանց նեղացնելու լրագրողներին լայն ժպտալով ասել` «no comment» ու անգլիաբար հեռանալ:
բ) Հարցազրույց տալուց առաջ նրա համար պատրաստել հատուկ կոնսպեկտ` հարցերի հնարավոր տարբերակներով ու պատասխաններով, անսպասելի հարցերի հետ կապված, ինչպես վարչապետն է անում. խնդրել կրկնել, որ ժամանակ շահվի, ապա ոչինչ չասող, ընդհանուր պատասխան տրվի: Քաղտեխնոլոգիա է` տարրական:
գ) Թունավոր լրագրողների թունավոր հարցերի (աչքի առաջ ունեցեք, ասենք, նվաստիս ու նմաններին) «սանդղակ» մշակել, բարի կատակի սխեմա մշակել այդ «թունավորների» հարամ հարցերի առնչությամբ, ինչը վերջիններիս հաղթելու, իրենցից սիրվելու ամենակարճ ուղին է:
դ) Անչափ կարևոր հարցերի` Ղարաբաղի, ՀՀ արտաքին կողմնորոշումների, Ֆյուլեի և այլոց պահով միլիմետրիկ ստանդարտներ մշակել, լիկբեզ անցկացնել, շեղումներ թույլ չտալ:
ե) Եվ վերջապես` խորհուրդ տալ թաքցնել զգացմունքներն ու թաքուն մտքերը:
Հուսանք` պետականաշինության, երկրի երկրորդ ներկայացուցչական մարմնի աշխատանքների ջաղացին մի էնիքաչափ օգուտ տվեցինք:
Շնորհակալություն պետք չէ, Արգամիչ, Դուք արժանի եք:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 1743

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ